«Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ փաստեցին իշխանությունների կողմից Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ունեցած «հատուկ» վերաբերմունքի մասին: Իշխանությունները սնանկության վարույթում գտնվող «Բջնի» ընկերությունը հասցրեցին իրենց ուզած հանգրվանին",- ասված է ՍԻԼ կոնցեռնի տարածած հայտարարության մեջ:

«25.12.2009թ. ընկերությանը պատկանող անշարժ, շարժական գույքը, հանքային իրավունքները եւ այլ գույքային իրավունքները, որպես մեկ ամբողջություն, վաճառվեցին „Արմենիան Ռոյալ Սիգարետ“ ՓԲԸ-ին:

Հարկ ենք, համարում նշել, այս դեպքում նույնպես, ինչպես եւ 2009 թվականի փետրվար ամսին, ընկերությանը պատկանող ամբողջ գույքի վաճառքը կրկին անգամ նույն անձին, իրականացվել է օրենսդրական լուրջ խախտումներով, որոնք միանշանակորեն թույլ են տալիս փաստելու, որ կնքված գործարքն անվավեր է»,- նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գործարար պատգամավոր, հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին, ով էլ հենց ուղիղ վաճառքով երկրորդ անգամ գնել է «Բջնին»:

ՍԻԼ կոնցեռնը նշում է այն խախտումները, որոնք թույլ են տվել իշխանությունները «Բջնիի» օտարման գործընթացում:

Նախ, «Ընկերությանը անօրինական եւ անհիմն կերպով պարտադրել են վճարել ավելի քան 4 մլրդ. դրամ իբր բնօգտագործման վճարի գծով թույլ տված խախտումների համար` հաշվարկի մեջ մտցնելով գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալը` տույժերով հանդերձ»: Դրանից հետո Վարչական դատարանը «անհիմն եւ անօրինական կերպով» մերժել է Ընկերության հայցը` վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ ՀՀ ՊԵԿ-ի հակընդդեմ հայցը` գումարը բռնագանձելու վերաբերյալ` բավարարել է: «Դատարանն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել այն փաստարկը, որ Ընկերությունում բնապահպանական եւ հարկային ստուգումներ են կատարվել նաեւ 2005-2006 թվականներին, եւ այդ ընթացքում որեւէ խախտում բնօգտագործման վճարի մասով չի հայտնաբերվել: Մինչդեռ, Ընկերությանը մեղադրում էին այն խախտման մեջ, որ բնապահպանական տեսուչի կողմից 2005թ. ապրիլին տեղադրված հաշվիչը ճիշտ չէր տեղադրվել»:

Ըստ հայտարարության, Ընկերության գույքն «օրենքի խախտումներով» դրվել է աճուրդի եւ 2009թ. փետրվարին վաճառվել «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ին, իսկ վերջինս էլ «իբր» կանխիկ վճարել է ավելի քան 4 մլրդ դրամ: Հետագայում Ընկերության եւ զանգվածային լրատվամիջոցների ճնշման ներքո, իշխանությունները անվավեր են ճանաչել աճուրդը, սակայն չսպասելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն` հարկադիր կատարողը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, իսկ դատարանն էլ վճռել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

Սնանկության գործընթացում Ընկերության տնօրենին եւ բաժնետերերին արհեստականորեն դուրս են մղել Ընկերությունից` նրանց օրինական վերահսկողությունից փաստացի զրկելով: Սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ընկերության գույքն աճուրդով վաճառելու մասին եւ այն չի ուղարկել բաժնետեր-պարտատերերին` զրկելով նրանց իրենց մեկնարկային գինը թելադրելու հնարավորությունից: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ որոշել է Ընկերության գույքը աճուրդի միջոցով 5,184 միլիարդ դրամ մեկնարկային գնով վաճառել: Կառավարիչն առաջին աճուրդն անցկացնելուց հետո միջնորդություն է ներկայացրել դատարան` 4,3 միլիարդ դրամով գույքը մինչեւ 2014թ. փետրվարի 2-ը տարաժամկետ վճարելու պայմանով ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ: Ընդ որում, պետք է Ընկերության գույքը վաճառվեր նույն «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ին:

«Արմենիան Ռոյալ Սիգարետ»-ի հետ տարաժամկետ վճարման պայմանով պայմանագիր կնքելն ուղղակիորեն գալիս է վկայելու այն փաստը, որ վերջինս այն ժամանակ իրականում չի ունեցել համապատասխան դրամական միջոցներ, իսկ իշխանություններն էլ որոշել են ընկերությանը պատկանող գույքը նվիրել գնորդին: Բոլոր դեպքերում, թե՛ իրավաբանորեն եւ թե՛ մարդկայնորեն «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն բարեխիղճ ձեռքբերող չէ: ՍԻԼ Կոնցեռնը առավել քան վստահ է, որ կգա ժամանակը, կվերադարձվի ընկերության գույքը իրական տիրոջը` վերջինիս կրած վնասների փոխհատուցումով հանդերձ, որովհետեւ գույքը սեփականատիրոջից վերցված է ապօրինի ճանապարհով, ոստիկանության, դատախազության, ԴԱՀԿ-ի, բնապահպանության ու հարկային մարմինների ճնշումների, ապօրինի ակտերի եւ խոշտանգումների միջոցով",- ասված է ՍԻԼ-ի հայտարարության մեջ: