ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին («Բուռնաշ») պատկանող «Հրազդան» տոնավաճառի մոտ գործող, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի գործունեությունը չի անդրադարձել «Հրազդան» տոնավաճառի գործունեության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աշոտ Աղաբաբյանը:
«Ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ, քանի որ մեր առեւտրի կենտրոններից տարբեր սոցիալական խավերի մարդիկ են օգտվում»,- ասաց նա: Աշոտ Աղաբաբյանը նաեւ նշեց, որ առեւտուրը որոշ չափով նվազել է, բայց դա պայմանավորված է, ոչ թե «Դալմա Գարդեն մոլ»-ի գործունեությամբ, այլ այն փաստով, որ այս սեզոնին առեւտուրը նվազում է:
Հարցին, թե մինչ օրս ժամանակ գտե՞լ է «Դալմա Գարդեն մոլ» այցելելու համար, նա պատասխանեց, որ վերջին ամիսներին հիմնականում արտերկրում է եղել, ուստի դեռ չի հասցրել հարեւանությամբ գործող առեւտրի կենտրոն այցելել:



























