NEWS.am-ը հատված է ներկայացնում Ստոկհոլմում աշխատող ռեժիսոր, «Տատիկի դաջվածքները» ֆիլմի հեղինակ Սյուզան Խարդալյանի հոդվածից, որը հրապարկվել է «Asbarez»-ում:
Անցած շաբաթ Սկանդինավյան երկրներում երկու շատ տարօրինակ, ահավոր իրադարձություններ տեղի ունեցան. առաջինը տեղի ունեցավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնեց «Հայոց ցեղասպանությունն ու Սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսը, որն սկսվեց ցուցադրվել Սկանդինավյան մայրաքաղաքներում: Կոպենհագենում այն ցուցադրվել էր Թագավորական գրադարանում: Անսպասելին այն էր, որ գրադարանի տնօրեն Էրլան Քոլինգ Նիելսենը ցուցահանդեսի բացմանը հայտարարել է, որ լինելու է նաեւ «լրացուցիչ» ցուցահանդես, որը կազմակերպվելու է Թուրքիայի դեսպանատան կողմից: Ի՞նչ անել: Իհարկե, բողոքել: Եւ, իսկապես, Թագավորական գրադարանն արժանացավ լրատվամիջոցների եւ պատմաբանների կտրուկ քննադատությանը: Սակայն Նիելսենը ժխտում է, որ տրվել է թուրքական կողմի ճնշմանը: Այնպես որ, առայժմ ամեն ինչ գնում էր իր հունով: Ցուցահանդեսը նախկինի պես տեղի կունենան:
Մյուս պատմությունը տեղի է ունեցել Շվեդիայի Լունդ քաղաքում, որը հայտնի է իր համալսարանով: Շվեդիայի պատկերասրահը որոշել էր ցուցադրել գեղանկարիչ Կարլ Միխայիլ ֆոն Հաուսվոլֆի աշխատանքները: Իր գործերի համար նկարիչն օգտագործել էր մոխիր, որը հավաքել էր Լեհաստանում նացիստական ճամբարներից: Կային նկարներ, որոնք ստեղծվել էին անգամ Հոլոքոստի զոհերի աճյունների մոխրից: Ցուցահանդեսը փակվեց Սիմոն Վիզենտալի կենտրոնի եւ հրեական համայնքի բողոքից հետո: Ցուցահանդեսը նրանք համարեցին «նողկալի»:
Սակայն այս երկու միջադեպերը շատ քիչ ուշադրության արժանացան լրատվամիջոցների, հատկապես, հայկական լրատվամիջոցների կողմից: Ինչո՞ւ են լռում Լունդում, Կոպենհագենում, Երեւանում եւ աշխարհում: Ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ: Թիրախ է դարձել երկու հանցագործություն` երկու ցեղասպանություն: Եւ անվերջանալի են այդ հանցագործությունները բանալացնելու ջանքերը:
Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դա քաջության եւ բարոյական դիրքորոշման իսպառ բացակայություն է: Օբյեկտիվության փոխարեն մենք ժխտողականություն ու ռեւիզիոնիզմ ենք տեսնում:
Ցանկանում եմ հիշատակել Գյոթենբերգի համալսարանի հետազոտող եւ «Պատմությունը որպես դատավոր» գրքի հեղինակ Մարտին Վիկլունի մի քանի գաղափարներ:
Իր գրքում Վիկլունը համոզիչ կերպով ապացուցում է, որ պատմաբանները պետք է քաջություն ունենան դիրքորշում արտահայտելու համար եւ նշում է, որ դատարանը, որպես արդարադատության մոդել, կարող է ուղենիշ լինել գիտության համար:
Մարտին Վիկլունի մոտեցումը պետք է առաջնորդող լինի Դանիայում, Շվեդիայում եւ, ամենակարեւորը, Թուրքիայում` իրավիճակից ելքեր փնտրելու համար:





























