Պետական մտածելակերպ ունեցող Հրանտ Բագրատյանի, ինչպես նաեւ այլոց թեկնածու առաջադրվելը նախագահական ընտրություններում կապահովի Սերժ Սարգսյանի լեգիտիմ ընտրությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ շատերը կառաջադրվեն:
Նրա խոսքով, այս պահին սկզբունքային չէ, թե նրանցից ով որքան ձայն կհավաքի՝ 0,5 %, թե՝ 1 %: Միաժամանակ, քաղաքագետը նկատեց, որ հավանություն է տալիս նման քայլերին, քանի որ իրական մրցակցության բացակայության պայմաններում առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթելու է մեծ տարբերությամբ:
«Այնպիսի թեկնածուների առաջադրումը, ովքեր հավաքելու են 2-3 տոկոս ձայն, շատ կարեւոր է եւ դրական երկրի իմիջի համար: Դա ընտրություններում կապահովի լայն ներկապնակ եւ ձեռնտու է պետության համար: Նրանք գիտեն, որ չեն հաղթելու ընտրություններում, բայց քանի որ նրանք պետական մտածողության տեր մարդիկ են, իսկ Բագրատյանն, անկասկած, այդպիսին է, նրանք կապահովեն Սերժ Սարգսյանի լեգիտիմ ընտրությունը, ինչը դրական է»,-նշեց Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում, նշելով, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինքը կհանի իր թեկնածությունը:





























