Չեչնիայի «Քադիրովի ուղին» ամպագոռգոռ անվանմամբ թերթը, որը Ռուսաստանում հայտնի էր դարձել Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ընթացքում, փակվել է լրագրողների ծաղրից հետո:

ՆՏՎ-ն հայտնում է, որ   զավեշտը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին` Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ չեչեն լրագրողուհին ներկայացել է որպես  «Քադիրովի ուղի» թերթի թղթակից, ինչը դահլիճում  իրարանցում եւ ծիծաղ է հարուցել: Ի պատասխան Պուտինը նախատել է լրագրողներին.  «Դահլիճում իրարանցումն անտեղի է, նկատի ունեն ավագ Քադիրովին, որը զոհվել է հանուն իր ժողովրդի շահերի, խնդրում եմ դա ընդունել առանց հեգնանքի»:

Չեչնիայի Հանրապետության ղեկավարի եւ կառավարության պաշտոնական կայքում հաղորդվել է, որ ոչ ոք իրավունք չի տվել թերթն անվանել զոհված Ահմադ Հաջի Քադիրովի անվամբ, ասվում է Ռամզան Քադիրովի հայտարարության մեջ: Նա նաեւ ընդգծել է, որ լրագրողուհու հարցերն ունեցել են  սադրիչ երանգ, ուղղակիորեն կապված չեն եղել Չեչնիայի հետ, հայտնում է  «Ուրալինֆորմբյուրոն»:

Լրագրողուհին հարցրել է «Կովկաս» ռադիոկայանի  հեռարձակման կրճատված ձեւաչափի եւ ֆինանսավորման պակասի  մասին: Նախագահը խոստացել է  «փորձել որեւէ բան փոխել դեպի լավը եւ ավելացնել ֆինանսավորումը»: