Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր չէ ցրել կառավարությաունը: Այդ մասին նա հայտարարել է  դեկտեմբերի 20-ի երեկոյան ճեպազրույցում` մեկնաբանելով նախօերին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիայի ձերբակալության մասին իր հայտարարությունը: Այն ժամանակ Սահակաշվիլին նշել էր, որ «նրանց համար, ովքեր դա անում են,  ամեն ինչ շատ վատ կվերջանա»:

Փորձագետները նախագահի խոսքերն ընկալել են որպես  կառավարությունը ցրելու  սպառնալիք: Ըստ վրացական Սահմանադրության` նախագահը ցանկացած պահի կարող է հհեռացնել վարչապետին եւ ցրել կառավարությունը: Իսկ եթե խորհրդարանը չհամաձայնի վարչապետի նոր թեկնածության հետ, կարող է ցրել նաեւ  խորհրդարանը:

«Ես ասում եմ, եթե քաոսն ու բռնությունը երկրում շարունակվեն, այդ ամենը վատ արդյունքի կհանգեցնի», - նշել է նախագահը, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:

Ընդ որում, Սահակաշվիլին «անհեթեթ թատրոն» է անվանել Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Սահակաշվիլին հայտարարել է, որ 2013թ. նախագահական լիազորությունների ավարտից հետո չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: Նա իր գլխավոր խնդիրն է համարում «Ազգային շարժման» սկսած բարեփոխումներն ավարտին հասցնելը: Նա կտրականապես հերքել է այն լուրերը, թե իբր մտադիր է լքել Վրաստանը: 

Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է զրկվել նախագահական բոլոր  արտոնություններից, եթե խորհրդարանը նման որոշում կայացնի:

Նախագահն անդրադարձել է նաեւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նշելով, որ ողջունում է այն, եթե պահպանվեն գլխավոր սկզբունքները` Վրաստանի ազատությունները եւ տարածքային ամբողջականությունը:

Ընդ որում, նա նախազգուշացրել է, որ  Վրաստանի գլխավոր խնդիրը կարող է դառնալ ամբողջ աշխարհից մեկուսացումը:

Սահակաշվիլին ենթադրում է, որ ռուսական կողմը «ցանկանում է վերացնել Ժնեւի ձեւաչափը»: Ըստ Սահակաշվիլիի` «մշտական երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն ոչ մեր գործընկերների հաշվին, որոնք տարիների ընթացքում մեր կողքին են եղել»: