Վրաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 22-ին հարցաքննության է կանչել նախկին երկու պաշտոնյաների` Նիկա Գիլաուրիին եւ ֆինանսների նախկին նախարար Դմիտրի Գվինդաձեին:
Գվինդաձեն նախքան հարցաքննության մտնելը լրագրողներին հայտնել է, որ պատկերացում չունի, թե իրեն ինչու են հրավիրել: Գիլաուրին հարցաքննության կներկայանա ավելի ուշ:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ նախկին նախարարները Cartu Bank-ի գործով են հարցաքննության կանչվել: Նախօրեին նույն գործով հարցաքննվել էր էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վերա Կոբալիան, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
ՆԳՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ Cartu Bank-ի սնանկացման հանցավոր սխեմա է հետաքննում: Սխեմայի նպատակը նախքան խորհրդարանական ընտրությունները «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ հաշվեհարդար տեսնելն էր: Իվանիշվիլին մինչ օրս Cartu Bank-ի փաստացի սեփականատերն է:





























