«Հրապարակը» գրում է, որ երեկ ՀԱԿ գրասենյակում ապատիկ տրամադրություն էր տիրում, չնայած Տեր-Պետրոսյանի որոշումը ՀԱԿ անդամների համար անսպասելի չէր, այնուհանդերձ, այնտեղ, ինչպես բնորոշեց ՀԱԿ անդամներից մեկը` խոր «տրաուր» էր. ամենամեծ «տրաուրն» ապրում էին Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիա Սարգսյանը: Եվ չնայած ՀԱԿ գրասենյակի եռուզեռին, դեռ չէին կողմնորոշվել թե ինչ ֆորմատով են մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին, եւ արդյո՞ք սատարելու են Հրանտ Բագրատյանին: Ժամը 3-ին հրավիրվել էր ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ՀԱԿ-ի՝ նախագահական ընտրություններում մասնակցության ձեւաչափի մասին քննարկումները կշարունակվեն, եւ որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի մինչեւ տարեվերջ:

Ըստ ՀԱԿ մեր աղբյուրների` ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնեն, որ չեն սատարում: Սակայն ՀԱԿ-ից կառանձնանան որոշ կուսակցություններ, որոնք, այնուհանդերձ, կսատարեն նախկին վարչապետին: Ըստ ամենայնի, դրանք կլինեն Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցությունները. վերջինս երեկ կուսակցության քաղխորհրդի նիստ է արել, սակայն դեռ որոշում չունեն, որոշումը կկայացվի հաջորդ նիստին, որը, ըստ Պետրոս Մակեյանի, տեղի կունենա հունվարի երկրորդ տասնօրյակին՝ սպասում են Բագրատյանն առաջադրվի, հասկանան` ինչ է կատարվում, նոր: Ըստ ամենայնի, Բագրատյանին կպաշտպանի նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը:

Չի բացառվում, որ որոշակի քննարկումներից հետո, երբ կճշգրտվեն խաղի բոլոր բաղկացուցիչները, «Ազատ դեմոկրատները» եւս որոշում կայացնեն նրան պաշտպանելու: Բոլորին հասկանալի է, որ Բագրատյանը, բոլոր դեպքերում, պայքարելու է երկրորդ տեղի համար, ու նրանց բոլորին անչափ հետաքրքիր է` շնորհավորելո՞ւ է Բագրատյանը Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Սակայն եթե Հրանտ Բագրատյանը ծանրակշիռ ձայներ տանի, ապա ըստ ամենայնի կդառնա ՀԱԿ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության դեռեւս չճանաչված լիդերը եւ կկարողանա առաջիկայում նոր քաղաքական ուժ ձեւավորել: Ասել կուզի՝ այս ընտրությունները ոչ այնքան փետրվարի 18-ին են միտված, որքան առաջիկա 5 տարիներին: Եւ քաղաքական կապիտալ կուտակելու առումով լավագույն շանսն են ցանկացած քաղաքական գործչի համար: