«Երեւանի եւ Անկարայի մերձեցումը ավելի, քան արդեն տեղի է ունեցել, հնարավոր չէ»,- Day.az-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ու հավելել. «Ցյուրիխում հայ-թուրքական արձնագրությունների ստորագրումը Վաշինգթոնի եւ անձամբ Հիլարի Քլինթոնի նախաձեռնությունն է եղել: Դա ԱՄՆ-ի փորձն էր Հայաստանին մտցնել Վաշինգթոնի, Անկարայի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի»: Նրա խոսքով, Ռուսաստանը բացահայտ կերպով դեմ չի եղել երկու երկրների մերձեցմանը, սակայն հետագայում Հայաստանն իր գործողություններով, կարծես, խոչընդոտում է այդ գործընթացին` ՍԴ որոշման մեջ որոշակի դրույթներ ներառելով, ինչը ըստ Գուլուզադեի, կատարվում է Մոսկվայի ցուցումով: «Ուստի կարծում եմ, որ խոսել հայ-թուրքական սահմանների բացման, ինչպես նաեւ Հայաստանը Արեւմուտքի շահերի ոլորտ ներառելու մասին, դեռ ժամանակավրեպ է»,- ասել է նա:

«Թուրքիան երբեք չի ճանաչի մի երկիր, որը տարածքային պահանջներ ունի իրենից, ուստի Անկարան չի վավերացնի արձանագրությունները այս իրավիճակում: Թուրքիայում այդ արձանագրությունների նկատմամբ վերաբերմունքը բացասական է»,- ընդգծել է Գուլուզադեն, սակայն քիչ անց այդուհանդերձ նա չի բացառել դեպքերի նման ընթացքը եւ անցել է արդեն սովորական դարձած շանտաժի լեզվին՝ նշելով. «Եթե Երեւանի հետ մերձեցումը խորանա, Թուրքիան կկորցնի Բաքուն՝ որպես իր դաշնակից: Այդ ամենը Անկարայի համար սահմանի բացումը դարձնում է ոչ շահավետ եւ արդեն կարելի է ասել, որ հայ-թուրքական մերձեցման ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Քլինթոնի քաղաքականությունը ամբողջությամբ ձախողվել է»:

Այնուհետեւ անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «Ռուսաստանը մշտապես փորձում է ինչ-որ նոր անիմաստ փաստաթղթեր մտածել, որոնք դանդաղեցնում են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը»: Ըստ նրա, Մոսկվայի նպատակը Ադրբեջանին իր կողմը քաշելն է. Թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, սակայն Բաքուն ամուր է կանգնած եւ իր արտաքին քաղաքականության փոփոխության չի գնում: