Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վետո է դրել «Համաներման մասին» օրենքի այն հատվածի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին եւ անչափահասների նկատմամբ հանցանք գործած անձանց։

«Քաղբանտարկյալների այդ ցուցակն ի հեճուկս ինձ են ընդունել: Սակայն ես թույլ չեմ տա, որպեսզի երկիրը խայտառակվի, այդ պատճառով էլ վետո եմ դնում օրենքի այն հատվածի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին», - հայտարարել է Սահակաշվիլին:
Նա նշել է, որ իր համար նաեւ անընդունելի է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցանք գործածներին ազատելը, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:

Նա նաեւ բացատրել է, որ վետո չի կիրառում իր համար անընդունելի ամբողջ օրենքի նկատմամբ, քանի որ դա խորհրդարանի քաղաքական որոշումն է:

«Համաներման մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին եւ ենթադրում է մեծածավալ համաներում:  Նախագահական վետոն հաղթահարելու համար, ըստ օրենսդրության, խորհրդարանը պետք է ունենա պատգամավորական կազմի ձայների  երեք հինգերորդը: