Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում՝ Անթիլիասում, հունվարի 26-31-ը տեղի ունեցավ Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը:
Հայ Առաքելական Եկեղեցու մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական եւ աշխարհական աստվածաբաններ քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչեւ 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին եւ Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն), Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:




























