«Այս տարի լրանում է Վահան Տերյանի 125-ամյակը, իսկ դա նշանակում է, որ տարին հարուստ է լինելու հոբելյանական միջոցառումներով»,- փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը։

Նշելով, որ միջոցառումների կազմակերպման նպատակով կառավարության համապատասխան որոշմամբ արդեն իսկ հոբելյանական հանձնաժողով է ձեւավորվել, որը գլխավորում է վարչապետը, նա տեղեկացրեց, որ մեծ գրողի 125-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում նրա ծննդավայր Գանձայում, Երեւանում եւ անգամ Օրենբուրգում։ «Միջոցառումները կմեկնարկեն Վ. Տերյանի ծննդյան օրից՝ փետրվարի 9-ից սկսած, եւ կշարունակվեն ամբողջ տարին՝ ներառելով ԳԱԱ-ի գրականության ինստիտուտը, հանրապետության դպրոցներն ու բուհերը»,- հայտարարեց Ա. Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ առաջին հոբելյանական միջոցառումը տեղի կունենա Կոմիտասի անվան պանթեոնում՝ փետրվարի 9-ին, ժամը 14։00-ին։

Նրա տեղեկացմամբ, Վ. Տերյանի ծննդավայր Գանձայում հոբելյանը կնշվի հուլիսի 24-ին, իսկ Օրենբուրգում, ուր վախճանվել է մեծանուն գրողը, հավանաբար հունիսին։

«Կառավարության կողմից հաստատվել եւ այս տարի արդեն նախատեսվում է „Տերյան“ հանրագիտարանի հրատարակումը, որը բաղկացած կլինի ավելի քան 900 էջից, կներառի 700 նկարներ»,- տեղեկացրեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրենը՝ միեւնույն ժամանակ ցավ հայտնելով, որ Վ. Տերյանի նման բանաստեղծը մինչ օրս Երեւանում թանգարան չունի։ «Այն մեծ քանակությամբ նյութերը, որ ցրված են Տերյանի բազմաթիվ բարեկամների արխիվներում, պետք է Հայաստան վերադարձվեն, սակայն նրա ամենամոտ ընկերներից մեկի՝ Մակինցյանի դուստրը, համաձայնել է Մոսկվայի իրենց տանը պահվող նյութերը Հայաստան տեղափոխել միայն այն պարագայում, եթե Երեւանում Տերյանի անվան թանգարան բացվի»,- ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ հավելեց, որ իրենք դիմել են քաղաքապետարան՝ Երեւանի օղակաձեւ այգու մի հատվածը կոչել «Ջավախքյան պուրակ», եւ Վ. Տերյանի արձանի կողքին կանգնեցնել նաեւ Ջավախքի մեկ այլ տաղանդավոր զավակի՝ աշուղ Ջիվանու արձանը։