Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մասով նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե ցմահ ազատազրկման դատապարտված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը, հանցավոր համաձայնության գալով, 2009թ. ամռանը պլանավորել են փախուստ կատարել ազատազրկման վայրից` նախօրոք ուսումնասիրելով ՔԿՀ աշխատակիցների անփույթ աշխատաոճը:

Փախուստն իրագործելու նպատակով Մ. Ենոքյանը եւ Ս. Քոչարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ տնտմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապես ձեռք բերված եւ խցում թաքցված սղոցի կտորներով 3-4 ամիս կտրել են ՔԿՀ-ի թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը: Բացի այդ, իրենց տրամադրության տակ ունենալով բավարար քանակության եւ տեսակի թելեր, տեւական ժամանակ մնալով առանց հսկողության` 9,5 եւ 2 մետր երկարության պարաններ են հյուսել, որոնց միջոցով էլ 2009թ. նոյեմբերի 27-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի տանիքից փախուստ են կատարել:

Սակայն օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2009թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է Մ. Ենոքյանը, իսկ նույն օրը` ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից հայտնաբերվել է նաեւ Ս. Քոչարյանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի կողմից պլանավորված փախուստը հաջողվել է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ Աղասի Սմբատյանի, Արա Աթաբեկյանի եւ Վանիկ Հարությունյանի, ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանի կողմից ներքին կանոնակարգի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով:

Նախաքննությամբ պարզվել եւ հաստատվել է նաեւ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը հոկտեմբերին ՔԿՀ-ի պետի կողմից տեղեկացված է եղել նախապատրաստվող փախուստի մասին, սակայն առավել ուժեղ հսկողություն չի սահմանել դատապարտյալների նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Աղասի Սմբատյանին, Սերժիկ Թամրազյանին, Սեդրակ Արթենյանին, Արա Աթաբեկյանին եւ Վանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: