Դեթրոյթի ավտոսրահում տարվա թեթեւ դասի ավտոմեքենա է ճանաչվել շքեղ կոմպակտ սեդան Cadillac ATS-ը (General Motors):

Այս մակնիշը եզրափակիչում առաջ է անցել Ford Fusion եւ Honda Accord մակնիշի ավտոմեքենաներից։ Անցյալ տարի պարգեւատրվել է Hyundai Elantra տեսակի մեքենան, որի գլխավոր արժանիքը վառելիքի նվազագույն քանակով օգտագործումն է։ 

Բեռնատարների եւ ամենագնացների շարքում դափնին ստացել է Ram 1500-ը ( Chrysler ավտոկոնցեռն), որի նախորդը եղել է Range Rover Evoque-ը։ Առաջատար եռյակում են հայտնվել նաեւ Ford C-Max-ն ու Mazda CX-5-ը, հայտնում է «Փրայմը»։ 

Տարվա լավագույն ավտոմեքենան ընտրվում է ավտոմեքենաների շուկայի մասին գրող մոտ 50 լրագրողների գաղտնի քվեարկության արդյունքում։ 2013 թվականին արդեն 25-րդ անգամ անցկացվող հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահը բացվել է հունվարի 14-ին։