Դեթրոյթում տեղի է ունենում ամենամյա ավտոսրահը, որն առաջին երկու օրը գործում է լրագրողների եւ բիզնեսի ներկայացուցիչների համար, այնուհետեւ ավտոարդյունաբերության վերջին նորություններին կարող են ծանոթանալ նաեւ բոլոր ցանկացողները: Ավտոարտադրողները շուրջ 50 համաշխարհային պրեմիերա են բերել:

Ավտոսրահի նորույթների շարքում են ինչպես նոր մեքենաներ՝ Audi SQ5-ը, R8-ը եւ RS5-ը, Bentley GT-ն, Lexus IS-ը, Infiniti Q50-ը եւ շատ այլ մեքենաներ, այնպես էլ կոնցեպտ-քարեր: Վերջիններիս շարքում առավել մեծ ուշադրություն են գրավում Acura MDX, BMW 4-Series, Lincoln MKC մոդելները, ինչպես նաեւ Honda ընկերության բացարձակապես նոր քրոս-օվերը եւ հեռանկարային Kia լյուքս-սեդանը:

Ամերիկյան ավտոարտադրողները նույնպես ավտոսիրողներին ուրախացնում են նոր մեքենաներոի շարքով: Այսպես, General Motors-ի ղեկավարությունն արդեն լրագրողների եւ ավտոփորձագետների դատին է ներկայացրել Corvette Stingray-ի 2014 թվականի մոդելային տարվա սպորտ-կուպեն, հաղորդում է Metro-ն:

Ճապոնացիները Դեթրոյթում ներկայացրել են նոր Infiniti Q50-ը: Նոր Infiniti-ն G սերիայի սեդանների հաջորդ սերունդն է: Արտաքինից մեքենան ստացել է ռադիատորի ֆիրմային ցանց, լրիվ նոր առջեւի եւ հետեւի լուսատեխնիկա, այլ բամպերներ:

Առավել սպասված մեքենաներից են BMW-ի 4-րդ սերիայի կոնցեպտ-քարը, Toyota ընկերության սպորտային Furia սեդանի անոնսը: Ford-ն ու Honda-ն կներկայացնեն սպորտային քաղաքային քրոս-օվերի նախատպը, ինչպես նաեւ MDX մոդելի նոր սերունդը: