Ուկրաինական դպրոցների ուսուցիչները վերադարձրել են դպրոցում ռուսերեն խոսելու իրենց իրավունքը: Բանն այն է, որ փետրվարի 4-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել կառավարության որոշումը, որը պարտադրում էր մանկավարժներին աշխատանքի վայրում խոսել միայն ուկրաիներեն: Հաղորդում է «Ռիա նովոստին»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 2009 թվականի հոկտեմբերի 5-ին ստորագրել է մի որոշում, որը պարտադրում է ուսուցիչներին դպրոցներում, անգամ դասամիջոցներին խոսել բացառապես երկրի պետական լեզվով` ուկրաիներենով: Այդ որոշման համաձայն, որը հիմա անօրինական է համարվել, այլ լեզվով կարելի է խոսել միայն ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներում:

Սահմանադրական դատարանը համարել է, որ կառավարությունը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, քանի որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, լեզուների կիրառման կարգը սահմանվում է բացառապես օրենքներով, ոչ թե կառավարության որոշումներով:

Այս հարցով ՍԴ դիմել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 52 պատգամավորներ: