Մոտ 1 շաբաթ տեւած անկումից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում կրկին բարձրացել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 17-ին կազմել է 406.50 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 650 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է միջինը մեկ դրամով, որոշ փոխանակման կետերում հասնելով 406 դրամի: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքն է 408 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թանկացել է, ինչին նպաստել է Եվրոպայի կենտրոնական բանկի Կառավարիչների խորհրդի անդամ Էվալդ Նավոտնիի հայտարարությունն այն մասին, որ անհանգհստացած չեն եվրոյի փոխարժեքի աճով: Հիշեցնենք, որ նախօրեին եվրոյի գոտու ֆինանսների նախարարների ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց, թե եվրոն բարձրացել է «մինչեւ վտանգավոր մակարդակի», ինչից հետո եվրոյի փոխարժեքը սկսեց նվազել: Եվրոն այսօր բարձրացել մինչեւ 1.3315 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,3431 ռուբլի:




























