Հարկերի նախարարության աշխատակիցները հունվարի 18-ին խուզարկություն են անցկացրել Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միությունում։
Միության նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտնել է, որ հարկային տեսուչները առգրավել են բոլոր փաստաթղթերը. «Խուզարկությունն իրականացրել են Հարկերի նախարարության հարկային հանցագործությունների նախնական հետաքննության դեպարտամենտի 10 աշխատակիցներ։ Նրանք իրենց հետ տարել են բոլոր փաստաթղթերը՝ ասելով, որ դրանք իրենց հարկավոր են»։
Իբրահիմբեկովը հայտնել է, որ հարկային ստուգումը ապօրինի է անցկացվել եւ հավելել, որ միությունը չի դադարեցնի աշխատանքը։
Հարկերի նախարարությունը պնդում է, որ Կինեմատոգրաֆիստների միությունը պետբյուջե չի վճարել 12 373 մանաթ հարկ, ինչը բացահայտվել է 01.06.2009 -01.01.2012 ժամանակահատվածի ստուգումների արդյունքում, որոնք անցկացվել էին նոյեմբերի 20-ին։ Փաստի առթիվ Նախնական հետաքննության դեպարտամենտը դեկտեմբերի 27-ին քրեական գործ էր հարուցել՝ 213.1 հոդվածով (հարկերից խուսափելը)։
Միաժամանակ, միջոցների նպատակային օգտագործման հետաքննության ընթացքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ձեւակերպման միջոցով 22 հազ. մանաթ է յուրացվել։
Ռուստամ Իբրահիմբեկովն ավելի վաղ այդ մեղադրանքներն անվանել էր պատվիրված, հորինված եւ իրավական առումով անգրագետ։





























