Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը հունվարի 20-ին կայացած Դեդ Հասանի հուղարկավորության ժամանակ ներկաների խոսակցությունից պարզվել է, որ հանգուցյալի բոլոր գործերն արդեն ընդունել է նրա աղգական, օրենքով գող Դմիտրի Չանտուրիան (Միրոն):
Ըստ  ոստիկանության օպերատիվ աշխատակիցների` դեռ կենդանության օրոք Դեդ Հասանը հենց նրան էր ներքաշել  իր կայսրության կառավարման գործում` որպես ժառանգորդ:

Հուղարկավորությանը ներկա գտնվողները, ըստ «Կոմերսանտ» եւ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթերի, միակարծիք էին, որ հարձակումը դաժան է եղել եւ անիմաստ (շաքարախտով եւ թոքերի լուրջ հիվանդությամբ տառապող 74-ամյա մարդն առանց այդ էլ երկար կյանք չուներ):

Ըստ Ասլան Ուսոյանի մերձավորների տվյալների`  վերջին ժամանակներս  առողջական վատ վիճակի պատճառով նա գրեթե հեռացել էր գործերից` պարտականությունները բաշխելով բազմաթիվ կրտսեր հարազատներին: Վերջերս Ուսոյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր «Ստարի ֆաետոնում»: Ողջ օրվա ընթացքում նա կարող էր ուտել Ադրբեջանից նրա համար հատուկ բերված օսետրինայի հազիվ մեկ կտոր եւ խմել մեկ բաժակ գինի: Մնացած ժամանակը նա հիշում էր անցյալը իր նման տարեց  «հեղինակությունների» հետ: «Վերջերս նա միայն հանգստության էր ձգտում»,- ասել է ներկաներից մեկը:

Ուսոյանի ընկերներին եւ հարազատներին  հատկապես զայրացրել էր այն, որ թույլ չէին տվել հանգիստ թաղել սպանված «պատրիարքին»: Հիշեցնենք, հանգստյան օրերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանի իշխանությունները չէին ընդունել դագաղը: Սակայն գերեզմանոցում հնչած խոսակցություններից  պարզվում է, որ նախօրոք պայմանավորվել էին անձեռնմխելիության մասին, սակայն երբ Տու-154-ն արդեն օդում էր, ուղեւորներին հասկացրել էին, որ հուղարկավորության մասնակիցների անվտանգությունը ոչ ոք չի երաշխավորում: Արդյունքում ինքնաթիռը վերալիցքավորվել էր Դոնեցկում եւ վերադարձել Մոսկվա:

Միաժամանակ, նախօրեին Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հեռուստահարցազրույցում հայտարարել էր, որ ոչինչ չգիտի քրեական հեղինակությանը Թբիլիսիում թաղելու մերժման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հանգուցյալը պետք է թաղվի այնտեղ, որտեղ ցանկանում են հարազատները, գող լինելը դեր չի խաղում», - ասել  է նա` հավելելով, որ վրացական իշխանությունները կշարունակեն օրենքով գողերի դեմ պայքարը, գրում է «Ինտերֆաաքսը»:

Հուղարկավորության մասնակիցները  «Կոմերսանտին» հայտնել են, թե չեն բացառում Դեդ Հասանի վերահուղարկավորումը Վրաստանում` քաղաքական իրադրության փոփոխությունից հետո, քանի որ հայրենիքում հուղարկավորվելը ավանդված է եղել քրեական հեղինակության  կտակում: 

«ՄԿ»-ն նշում է, որ Հասանի թաղմանը մարդիկ իրար նույնիսկ գլխի շարժումով չեն բարեւել, կարծես  ծանոթ էլ չէին: Նրանց ձեռքին գրեթե ծաղիկ չի եղել, միայն տասնյակ պսակներ` համապատասխան գրություններով. «Եղբայր Վագիթից», «Եղբայրներից…», «Սիրելի Հասան պապիկին` իսկական ընկերներից»: