Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են որ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009թ. նոյեմբերի 4-ին` ժամը 14:15-ի սահմաններում, լքել է օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ:

Արդյունքում` հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գուրգեն Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս եւ, օգտվելով այդ հանգամանքից, դիմել է փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: