Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ից պահանջած Patriot հրթիռային կայանքները Թուրքիա տեղափոխած գերմանացի զինվորականների դեմ Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում ենթարկվել են «Աշխատավորական» կուսակցության թեւ հանդիսացող Թուրքիայի երիտասարդական միության անդամների հարձակմանը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Patriot հրթիռայի համակարգերը Թուրքիա տեղափոխած գերմանացի զինվորականները փորձել են զբոսնել Իսքենդերունում, երբ նրանց վրա են հարձակվել Թուրքիայի երիտասարդական միության անդամները եւ փորձել գերմանացի զինվորականների գլխին պարկ հագցնել:

Զինվորականները խուսափել են քաշքշուքից եւ մտել մոտակայքում գտնվող ոսկերչական խանութ, իսկ այդ ընթացքում դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 30 հոգու:

Նշենք, որ ամերիկացի գեներալ Պետրեուսը 2003-ին Հյուսիսային Իրաքում մի խումբ թուրք զինվորականների գլխին պարկ էր հագցրել, որից հետո Թուրքիայում հաճախակի փորձում են ամերիկացի զինվորականների գլխին պարկ հագցնել։ Պետրեուսն այդ արարքի համար Թուրքիայում հայտն է որպես «պարկային գեներալ» անվանումով։