2012թ. ընթացքում տեղի ունեցած զարգացումները վերահաստատեցին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից որդեգրած ռազմավարությունը, ոչ միայն ըմբռնելի է, այլ նաեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012 թվականի զեկույցում:
Ըստ զեկույցի հեղինակների, դրա մասին են վկայում այս տարի Սոչիում, Լոս-Կաբոսում եւ Դուբլինում ընդունված հայտարարությունները, որոնք վերահաստատեցին միջազգային հանրության արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ շրջանակներում արտացոլվող մոտեցումները, որոնց է համահունչ է Հայաստանի դիրքորոշումը։
Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են Հայաստանի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակելով միջնորդական ջանքերը բազմաթիվ այցեր են կատարել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվա ընթացքում մի քանի փուլ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի միջեւ։
Հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդունվեց հայտարարություն, որով պատրաստակամություն հայտնվեց արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այդ իրականացված աշխատանքը, շարունակել շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի ստեղծման ուղղությամբ բանակցությունները, վստահության ամրապնդման նպատակով քայլերի ձեռնարկումը:
2012թ. հունիսի 19-ին Լոս-Կաբոսում կայացած «Մեծ Քսանյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Հոլանդի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հատուկ ընդգծվեց միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, աջակցություն հայտնվեց Սոչիում հունվարի 23-ին ընդունված հայտարարության դրույթների իրականացմանը, վերահաստատվեցին հիմնախնդրի կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորշում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաեւ կոչ արվեց արագացնել Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության կայացումը, զերծ մնալ թշնամանքը խորացնող հայտարարություններից եւ քայլերից։
Դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ որում, հիմվելով Սոչիի եւ Լոս-Կաբոսի հայտարարությունների վրա, ընգծվեց խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, 1994թ. հրադադարի մասին պայմանավորվածությունը լիակատար հարգելու անհրաժեշտությունը, կոչ արեցին զերծ մնալ թշնամանքը խորացնող հայտարարություններից եւ քայլերից։
Հայաստանը մի շարք պաշտոական հայտարարություններով վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ հիմնվելով վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված դրույթների վրա, շարունակել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ադրբեջանական կողմը, ոտնահարելով վերոհիշյալ հայտարարությունները եւ ի հակառակ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի եւ հորդորների, ողջ տարվա ընթացքում դեմ արտահայտվելով Հիմնարար սկզբունքների համաձեյնացմանը, վստահության ամրապնդման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մերժելով 1994թ. հաստատված հրադադարի ամրապնդումը, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, իր թշնամական, ռամատենչ հայտարարություններով, ապակառուցողական քայելով, մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ դարձած կոպտագույն սադրանքներով թե Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, փաստացի հակադրվեց միջնորդների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
Բանակցային գործընթացին լրջագույն վնաս հասցրեց ադրբեջանա-հունգարական տխրահռչակ գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը։ Այդ սադրիչ քայլին միջազգային հանրության միահամուռ բացասական արձագանքը եւ դատապարտումը վկայեցին Ադրբեջանի ղեկավարության որդեգրած ուղեգծի սնանկության ու անհեռանկարայնության մասին։
Վերոհիշյալ գործուղություններով Ադրբեջանը հարված հասցրեց տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
2012թ. նշանավորվեց նաեւ ԱՄՆ Ռոդ Այլընդ եւ Մասաչուսեթս նահանգների, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հավարային Ուելս նահանգի խորհրդարանների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ որոշումներով։





























