«Արաբկիր» բժշկական կենտրոնի շրջանների 6 մասնաճյուղերում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները կարող են վերականգնողական բուժում ստանալ բացառապես անվճար պայմաններով: Այս մասին փետրվարի 5-ին տեղեկացրեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը՝ նշելով, որ երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոններ գործում են` Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Գավառ, ինչպես նաև Իջեւան քաղաքներում: «Այլեւս կարիք չի լինի Երեւան գալու, բուժման և խնամքի կարիք ունեցող երեխաները կարող են բուժօգնություն ստանալ հենց տեղում»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Բաբլոյանը նաեւ տեղեկացրեց, որ բժշկական կենտրոնը անվճար հիմունքներով կազմակերպում է նաև «Ապարանի ամառային առողջարանային ճամբար», որտեղ հանգստանում են քրոնիկ հիվանդություններով, ֆիզիկական և մտավոր զարգացման խնդիրներով երեխաներ այլ երեխաների հետ միասին` միևնույն ժամանակ ստանալով իրենց բուժական բոլոր միջոցառումները: «Սահմանափակ կարողություններով երեխաների ծնողները վստահում են մեր աշխատակիցներին, եւ երեխաներին թողնում են վերականգնողական ճամբարում բուժկենտրոնի խնամքի տակ»,-նշեց Բաբլոյանը՝ ավելացնելով, որ տարեկան 120 երեխա հնարավորություն է ուեննում հանգստանալ Ապարանի ճամբարում: