Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեի հայտարարությունները, որոնք վերաբերում էին նրա հրաժարականին:  Նա նշել է, որ իր համար անհասկանալի էր, թե ինչ նկատի ուներ Վաշակիձեն, երբ խոսում էր նոր կառավարության արտաքին քաղաքական ուղղության հետ անհամաձայնության մասին:

Իվանիշվիլին Դավոսում լրագրողներին հայտնել է, որ Վաշակիձեն պաշտոնը լքել է զգալով վարչապետի վերաբերմունքն իր հանդեպ: Վրաստանի վարչապետը պատմել է, որ Հայաստան այցին պատրաստվելիս ինքը երկու անգամ հանդիպել է Վաշակիձեի հետ, որը հայտնել է ԱԳՆ-ի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեին այցի ընթացքում: Ըստ Իվանիշվիլիի՝ նրա ներկայացրած հարցերի մեջ չկար Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցումը վերականգնելու արդիական հարցը:

«Երբ հարցրի դրա վերաբերյալ դիրքորոշման մասին, պատասխանեց, որ դիրքորոշում չունի: Իսկ հարցին, թե երբ կունենա, պատասխանեց, որ մեկ շաբաթ է հարկավոր: Կարծում էի՝ կատակ է անում»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Վաշակիձեն իր լուրջ հարցին անլուրջ պատասխան տվեց:

«Երեւի հենց դրանով է պայմանավորված նրա խոսքը, թե մենք քաղաքական ընդհանրություններ չունենք», - ասել է նա, գրում է «Նովոստի-Գռուզիան»:

Հիշեցնենք, Նիկոլոզ Վաշակիձեն փոխարտգործնախարարի պաշտոնը լքել էր շաբաթվա սկզբին՝ հայտնելով, որ պատճառը Երեւանում Իվանիշվիլիի հայտարարություններն են եղել: Մասնավորապես, նա նշել էր վարչապետի այն խոսքերը, թե «մոտ ապագայում» Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոխվի եւ որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ընդօրինակելի է»: Վաշակիձեն հայտարարել էր, թե չի կարող պաշտոնավարել, քանի որ համամիտ չէ «Վրացական երազանքի» որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունը: