Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ամփոփել է նախընտրական քարոզարշավի առաջին օրերի արդյունքները:

Այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում նախագահի թեկնածուն նշել է, որ շաբաթը կարեւոր էր թեկնածուների ռազմավարության, քաղաքական հայացքների եւ սոցիալական խնդիրների լուծման հարցում  մոտեցումների հստակեցման տեսանկյունից:

Ըստ Մելիքյանի՝ պարզ դարձավ, որ մրցակիցները չեն կենտրոնանում գործընթացի օրինականության վրա:   Այս կապակցությամբ նա թեկնածուներին պայմանականորեն երկու ճամբարների է բաժանել: Առաջինում գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը: Այս ճամբարում խուսափում են ընտրությունների օրինականությունը քննարկելուց: Երկրորդ ճամբարը դիմում է ծայրահեղ միջոցների, որոնց ամենավառ օրինակը Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է: Արման Մելիքյանը ծայրահեղ քայլերը անարդյունավետ է համարում, քանի որ «դրանք այրում են կամուրջները եւ երկխոսությունից հրաժարվել են նշանակում», ինչը գործընթացը օրինական հարթությունը տեղափոխելու փորձերը հասցնում են փակուղու:

Ըստ նախագահի թեկնածուի՝ ընտրողների հետ հանդիպումն  անգամ իր համար զարմանալի պատկեր է վեր հանել. Հիասթափության մակարդակը չափազանց բարձր է: «Գիտեի, որ վիճակը վատ է, բայց ոչ այս աստիճանի», - խոստովանել է Արման Մելիքյանը: Կրկնելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց ներկա տեսքով աղետ են երկրի համար, նախագահի թեկնածուն միաժամանակ նշել է, որ երկխոսության կողմնակից է:

Ինչ վերաբերում է երկրից գնացածների մասին տվյալների տրամադրմանը, ոստիկանությունից  դեռ պատասխան չի ստացվել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am