Պետք է վարել բազմավեկտոր քաղաքականություն, ելնելով տարածաշրջանային խնդիրներից՝ ապահովել ազգային անվտանգությունը եւ չսահմանափակվել որեւէ ուժային կենտրոնի հետ ակտիվ համագործակցությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Եվրամիությո ՞ւն, թե ՞ դեպի Եվրասիա թեմային:
Նա նշեց, որ մի կողմից կա Եվրամիություն, իսկ Եվրասիական միությունը նոր կազմավորվող կառույց է, որտեղ կան խնդիրներ: Գագիկ Մինասյանի խոսքով՝ նույնիսկ եվրամերձեցման ընթացքը մեծ արդյունքներ է տվել Հայաստանին, եւ այսպես թե այնպես պետք է անցնենք մաքսային գոտու եւ խորը ու համապարփակ առեւտրի համաձայնագրի: «Չկա կողմնորոշվելու պարտադրանք, Հայաստանը պետք է վարի իր պետական շահերից բխող բազմավեկտոր քաղաքականություն՝ առաջնության տալով անվտանգության հարցերին»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ շեշելով, որ պետք է գնալ համադրման, ոչ մեկը մյուսին բացառելու ճանապարհով: Նա օրինակ բերեց ՀԱՊԿ-ին եւ ՆԱՏՕ-ին, նշելով, որ այդ երկու կազմակերպությունների հետ էլ Հայաստանը ակտիվ համագործակցում է: Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, թե ՀՀ եւ ԼՂՀ-ի տնտեսությունները հարյուր տոկոսով ինտեգրված են, սխալ կլինի հեռու մնալ այդ գործընթացներից եւ չփորձել ներկայացնել մեր շահերը: «Մենք գտնվում ենք բավականին բարդ միջավայրում, եւ մեր որոշոմները պետք է լինեն ներդաշնակ արտաքին մարտահրավերներին»,- ասաց ՀՀԿ-ականը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը առաջարկում է դուրս գալ բոլոր տեսակի արհեստածին միություններից եւ գնալ երկկողմանի հարաբերությունների: «Եթե տասը տարի առաջ նման խնդիր չկար, այսօր գալիս է կողմնորոշվելու պահը, քաղաքական առումով այդ պահանջը կարծես կա, պետք է ձգտենք չուշացնել վճիռների առումով, մենք ենք տուժելու: Մենք քաղաքականության տեսանկյունից դառնում ենք ոչինչ, իսկ ոչնչի հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, օրինակ՝ կոռուպցիա: ՀԱԿ անդամն ասաց, որ Ռուսաստանի հետ ցանկացած տիպի բարեկամություն նշանակում է այնտեղ առկա բարքերի տեղափոխում Հայաստան: Բագրատ Ասատրյանի խոսքով՝ թույլ չպետք է տանք լինի այն, ինչ կա, օրինակ՝ «պառլամենտի զգալի մասը անլեզու կենդանիներ են»:
Երկու բանախոսները համաձայնեցին մեկ հարցում՝ Եվրամիությո ՞ւն, թե ՞ դեպի Եվրասիա խնդիրը այսօր չի ծագել, ավելի քան քսան տարվա պատմություն ունի:





























