Բանակի օրվա առթիվ, բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին եւ ազատամարտիկներին, հանձնել պետական բարձր պարգեւները:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ասել է.

«Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա եւ Հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Ձեր ծառայությունը բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից: Ձեր արձանագրած հաջողությունները եւ՛ նման են մյուս ոլորտներում մեր լավագույն մասնագետների արձանագրած հաջողություններին, եւ՛ սկզբունքորեն տարբեր են: Նման են, որովհետեւ հայոց հողի վրա մի քայլով առաջ են տանում մեր երկիրն ու հասարակությունը: Տարբեր են, որովհետեւ զինվորականի ու բանակի առաքելությունը խիստ առանձնահատուկ է. մանավանդ՝ այն աշխարհաքաղաքական պայմաններում, որտեղ մենք ապրում եւ աշխատում ենք:

Խաղաղության եւ անվտանգության պահպանման առաջին գծում եք դուք, եւ պատվով ու մասնագիտական բարձր ունակություններով իրականացնում եք ձեր առաքելությունը: Շնորհակալ եմ ձեզ դրա համար, նաեւ այն ինքնավստահության համար, որ ձեր գործով ու կեցվածքով ներշնչում եք մեզ, մեր ողջ հասարակությանն ու համայն հայությանը:

Մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին առողջություն եւ երջանկություն: Ձեզ եւ ձեր գործընկերներին մաղթում եմ նոր հաջողություններ՝ ձեր հայրենանվեր ծառայության մեջ: Համոզված եղեք, որ բոլորիս համար դուք ունեք բացառիկ կարեւորություն»: