Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%-ով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը;

Դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության 15,6 % աճ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ առկա է 6,7 % աճ:

Դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արդյունաբերության աճը կազմել է 11,6%, սակայն 12 ամսվա կտրվածքով առկա է աճի տեմպի դանդաղում՝ մինչեւ 8,8 %:

Տնտեսական ակտիվության աճին ամենաշատը, թերեւս, նպաստել է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի), որտեղ 12 ամսվա կտրվածքով աճը 10,8 % է, իսկ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 16 % աճ: 

Հունվար-դեկտեմբերին գյուղատնտեսության աճը 9,5% է: Սակայն դեկտեմբերին նոյեմբերի նկատմաբ առկա է մոտ 28% անկում;

Առաջին անգամ 2008 թվականից հետո շինարարությունում արձանագրվել է աճ՝ 0,2%: Դրան մեծապես նպաստել է դեկտեմբերի գրեթե 37% աճը նոյեմբերի նկատմամբ, որը տարվա ընթացքում երկրորդ ցուցանիշն է (սեպտեմբերին գրանցվել է շինարարության ամսական 43% աճ);

Առեւտրի շրջանառությունը 12 ամսվա կտրվածքով կազմել է 2,2 տրլն դրամ, աճը 3,6% է; Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 8,1% աճ (8 մլրդ կՎտ/ժամ):

Միջին աշխատավարձը դեկտեմբերին կազմել է 121 հազ. դրամ՝ նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշը գերազանցելով 4,8%-ով: