Հայաստանի հյուսիսում մտադիր են ակտիվացնել երկաթգծային ուղեւորափոխադրումները:
Այսօր՝ հունվարի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ փետրվարին նախատեսվում է Գյումրիից (Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաք) դեպի Վանաձոր (3-րդ), հետո Ալավերդի ուղեւորափոխադրումներ կազմակերպել: Փետրվարի 10-ից նախատեսվում է Վանաձոր-Գյումրի ուղերթին միացնել Գյումրի-Երեւան ուղերթը: «Ժամը 17.30-ին գնացքը կշարժվի Վանաձորից եւ պետք է Գյումրի հասնի գոնե 17.45, քանի որ 18.10 Գյումրիից շարժվում է Երեւան մեկնող գնացքը», – բացատրել է Մովսեսյանը:
Ըստ նրա՝ ՀԿԵ-ն ԱՊՀ մակարդակով պատրաստվում է բանակցություններ վարել միջազգային փոխադրումների տարբերակված սակագների վերաբերյալ: «Միջազգային պրակտիկայում, եթե դուք միջազգային երթուղով եք գնում, ձեր նկատմամբ կիրառվում են միջազգային սակագներ, անկախ նրանից՝ արտասահման եք մեկնում, թե երկրի ներս: Այդ պատճառով էլ, եթե մենք ուղեւորներին Վանաձոր տանենք Թբիլիսիի երթուղով, ապա մենք նրանցից պետք է գանձենք միջազգային սակագնին համապատասխան վճար:
Այդ դեպքում Վանաձորի ճանապարհածախսը պետք է արժենա 5-6 հազար դրամ (երեք անգամ թանկ, քան մեքենայով- խմբ.): Բնականաբար, այդքան ոչ ոք չի վճարի: Սակայն այժմ մենք, եւ ոչ միայն մենք, ԱՊՀ մակարդակով մշակում ենք սակագների բաժանման հարցը: Այլ կերպ ասած՝ մինչեւ Վրաստանի սահման գալու դեպքում ավելի ցածր սակագներ կգործեն», – պարզաբանել է Գ. Մովսեսյանը: Նա հավելել է, որ նման բանակցություններ են վարում նաեւ Բելառուսի երկաթուղայինները:




























