Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում «ռուսական նախաճաշի» ժամանակ ռուս ձեռնարկատերերի հետ քննարկել է տնտեսական համագործակցության կարգավորման հարցը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ի առավոտյան Իվանիշվիլին որպես հատուկ հյուր հրավիրվել է «Ռուսաստանը եւ ընդհանուր տնտեսությունը» թեմայի քննարկման շուրջն ընթացող «ռուսական նախաճաշի»`ռուսական բիզնես վերնախավի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Խոսակցությունը` համագործակցությունը սկսելու` ավելի ճիշտ վերականգնելու մասին էր, քննարկվել են վրացական արտադրանքների ներմուծման վերականգնման հարցերը»,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Կվիրիկաշվիլին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հիշեցնենք, որ «Ռուսպոտրեբնադզոր»-ն արգելել էր վրացական գինիների եւ «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը ռուսական շուկա 2006 թվականի գարնանը: Դա եղել է ռուս-վրացական հարաբերությունների սրվելուց հետո, իսկ արգելքի պաշտոնական պատճառ հայտարարվել է վրացական արտադրանքի ցածր որակը: