«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չսատարել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Մեր տեղեկություններով` առաջիկա ժամերին կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որում, ամենայն հավանականությամբ, նշված կլինի որեւէ թեկնածուի չսատարելու մասին:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին:





























