Հայաստանի  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝  հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը  եւ  «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն  Ադիբեկ Ղազարյանը:

Քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ոռոգման համակարգի զարգացման խնդիրները  շարունակում են առաջնային լինել ՀՀ կառավարության համար, առաջիկա տարիներին նաեւ մեծ ուշադրություն է  դարձվելու ջրամբարաշինության ոլորտին:  Նա  շնորհակալություն հայտնեց  համակարգի զարգացման եւ վերականգնման գործում ՀԲ օժանդակության համար` միաժամանակ ընդգծելով  ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Կողմերը քննարկեցին նաեւ ոռոգման համակարգում իրականացվելիք նոր ծրագրի կառուցվածքին, բաղադրիչներին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց,  որ այս ծրագրի հիմնական բաղադրիչը եւս լինելու է  ենթակառուցվածքների զարգացումը:

Անդրադարձ եղավ նաեւ առաջիկա ամիսների ընթացքում ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված համատեղ խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությանը: