2011թ. համեմատ 2012թ. ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումներից ստացված եկամուտը 18%-ով աճել է: Այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
2013 թվականի հունվարից միջքաղաքային մի շարք ուղերթների սակագները թանկացել են, բայց շարունակում են ավտոտրանսպորտից էժան մնալ: Այսպես, Երեւան-Գյումրի գնացքի տոմսի արժեքը 950 դրամից դարձել է հազար դրամ (երթուղային տաքսունը՝ 1500), Երեւան-Երասխ՝ 350-ից 600 դրամ: Երեւան-Արմավիր, Երեւան-Արարատ ուղղություններում նախատեսում են աբոնեմենտներ ներդնել (ամսական 44 ուղեւորություն): Այդ դեպքում տոմսի գինը 300 դրամից կնվազի մինչեւ 200 դրամի (երթուղային տաքսու դեպքում՝ 400-500 դրամ):
2012թ. ներքին փոխադրումները կրճատվել էին 15%-ով, սակայն շահույթի զգալի մասն ապահովվել է դեպի Թբիլիսի եւ Բաթում միջազգային երթուղիների հաշվին: 2012թ. ուղեւորափոխադրումներից ստացված ընդհանուր շահույթը կազմել է 848.8 միլիոն դրամ՝ 2011թ. 714.6 միլիոն դրամի փոխարեն: Ներքին փոխադրումների շահույթը կազմել է 102 միլիոն դրամ՝ 2011թ. 118-ի փոխարեն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («ՌԵ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչն է:




























