«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը  եւ քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որեւէ մեկը բավարար չափով չեն արտահայտում եւ համահունչ չեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջ քաշած մոտեցումներին եւ սկզբունքներին:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի սատարելու:

Միեւնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին եւ համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին եւ քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»: