Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի միջամտել հայ ակտիվիստ  Վահագն Չախալյանի ազատման հարցին: Այդ մասին նա հայտնել է Դավոսում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Ըստ նրա՝ Վահագն Չախալյանի ազատման հարցը բարձրացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իսկ ինքը վերահասցեավորել է մեկ ուրիշի:

«Հավատացեք, ինձ չվերաբերող հարցերին ես չեմ միջամտում: Բանտարկյալների ազատության հարցը ես չեմ որոշում: Ավարտվել են այն ժամանակները, երբ մեկ մարդ էր որոշումներ կայացնում:  Ես հարցը նույն րոպեին վերահասցեավորեցի: Կարծեմ պատասխանեց Սոզար Սուբարին: Նույնիսկ չեմ հիշում՝ ինչ պատասխանեց», - հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Չախալյանի ազատումը սուր քննադատության է ենթարկվել Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից: ՆԳՆ-ի նախկին ղեկավարը հայտարարել է, որ Չախալյանը վրացական պետության թշնամին է եւ ռուսական գործակալ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am