Այսօր` հունվարի 25-ին, կայացել է Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստի, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա Էթիկայի հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ ըստ էության երկու հարցի վերաբերյալ էլ քննարկումներ տեղի չեն ունեցել: Առաջին հարցը, որը վերաբերում է նոյեմբերի 21-ին արտահերթ նիստը տապալելու վերաբերյալ Արմեն Ռուստամյանի դիմումին, ապա նախագիծը պատրաստ չէր, քննարկումներ տեղի չեն ունեցել: Նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած 83 պատգամավորներից ոչ մեկը չէր արձագանքել Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերին եւ չէր ներկայացել պարզաբանումներ տալու նպատակով:
Իսկ երկրորդ հարցը վերաբերում էր Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, սակայն այն եւս չի քննարկվել: Մհեր Սեդրակյանն եւս չէր ներկայացել պարզաբանումներ տալու համար: Վահան Բաբայանը հավելեց, որ «Աժ կանոնակարգ» օրենքը պատգամավորներին չի պարտադրում ներկայանալ եւ պարզաբանումներ տալ, պատգամավորի իրավունքն է` ներկայանալ, թե ոչ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել: Խորհրդարանական ՀՅԴ խմբակցությունը արտահերթ նիստի տապալման հարցով դիմել է Էթիկայի հանձնաժողով, իսկ ՀԱԿ-ը դիմել էր Սահմանադրական դատարան:




























