Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին  վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ խորհրդարանին մեղադրել է «վրացական պետականության թշնամի» հայ ակտիվիստ  Վահագն Չախալյանի ազատման համար:

«Դա հակապետական քայլ էր, համաներման ենթարկվեց ռուսական գործակալը, որը աշխատում է քանդել Վրաստանը, դրա ամբողջականությունը», հատուկ ուղերձում նշել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ Չախալյանը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի պատվերն է կատարում, գրում է «Գռուզիա օնլայնը»:

«Այստեղ խոսքը Չախալյանի ազգային ծագման մասին չէ: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով իր ազատած հանցագործը հակապետական գործիչ է, եւ դա մեծ հանցանք է մեր պետականության դեմ», - ընդգծել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նշել է, որ «Չախալյանը Ջավախքը Վրաստանի մաս չի ճանաչում, նա նման է աբխազ սեպարատիստների առաջնորդ  Վլադիսլավ Արձինբային: Իվանիշվիլին դեռ չգիտի, թե ում է ազատել»:

Հիշեցնենք, այսօր ՆԳՆ-ի նախկին ղեկավար Վանո Մերիաբաշվիլին հայտարարել էր, որ Չախալյանը վրացական պետության թշնամին է եւ ռուսական գործակալ:

Իվանիշվիլին մեկնաբանել էր, որ չի միջամտել հայ ակտիվիստ  Վահագն Չախալյանի ազատման հարցին:

NEWS.am-ը հայտնել էր, որ Վահագն Չախալյանը բանտից ազատվել է հունվարի 24-ին՝ համաներման շրջանակում: