Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր՝ հունվարի 25-ին կայացել է հունվարի 28-ին՝ Բանակի օրվան եւ Զինված ուժերի ստեղծման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ (ֆոտոռեպորտաժ): ՊՆ ներկայացուցիչներից բացի, մասնակցել են երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Դիմելով հավաքվածներին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ցանկացած հոբելյան եւ տարեդարձ անցած ուղին վերաիմաստավորելու, ըներներին հիշելու առիթ է: Նախարարն ընդգծել է, որ հաջորդ տասնամյակը հայոց բանակի համար կդառնա ծրագրերի իրականացման, տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման տասնամյակ: «Թե ինչպիսին կլինի մեր բանակը, կախված է մեզանից, մեր բարեխղճությունից, խնդիրների ժամանակին լուծումից, կատարելագործման մեր ունակությունից », - հիշեցրել է Սեյրան Օհանյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ հայոց բանակը դիմակայում է դժվարին մարտահրավերների, եւ եթե որոշ բնագավառներում բացթողումները կարելի է որոշ չափով լրացնել առանց կորստի, ապա այստեղ բացթողումներն անթույլատրելի են: «Թշնամին հենց դրան էլ սպասում է: Այդ պատճառով էլ պետք է զգոն լինել ամեն վայրկյան», - նշել է նախարարը: Ըստ նրա՝ նախորդ տարին լեցուն էր խաղաղարարական առաքելություններում եւ զորավարժություններում հայ զինվորականների մասնակցությամբ, որոնց ընթացքում հայկական ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր մասնագիտական որակներ:
Շնորհավորական խոսքով հանդես են եկել նաեւ Աղվան Հովսեփյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը: Սեյրան Օհանյանը գործընկերներից ստացել է նվերներ, պատվոգրեր եւ գերատեսչական մեդալներ: Այնուհետեւ պաշտպանության նախարարը, ՀՀ նախագահի հրամանագրի եւ իր սեփական հրամանի համաձայն, պարգեւներ է հանձնել մի խումբ զինծառայողների: Բացի դա, նախարարի հրամանով պարգեւներ են ստացել ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների 1500 զինծառայողներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























