Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանալով «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ, պարբերաբար մշտադիտարկումներ է իրականացնում ազատազրկման եւ սահմանափակ ազատազրկման վայրերում, այդ թվում նաեւ քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին NEWS.am-տեղեկացրեցին ՄԻՊ աշխատակազմից:
Երեկ հերթական մշտադիտարկման շրջանակներում Խոշտանգումների եւ բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները եւ Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել է «էրեբունի» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ:
«էրեբունի» ՔԿՀ-ում, ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոնում էին գտնվում հիմնարկի աշխատակիցների խնդիրները: ՄԻՊ-ից տեղեկանում ենք, որ այս պահին քրեակատարողական հիմնարկում կան 15-ից ավել թափուր հաստիքներ, որոնց հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ինչի պատճառով դժվար է գտնել համապատասխան պատրաստվածության աշխատողներ: «24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակիցները ապահովված չեն նաեւ համապատասխան սննդի ընդունման վայրով /ճաշարանով/ եւ սննդով: Բացի այդ հիմնարկի աշխատակիցները մինչ օրս օգտվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող պոլիկլինիկայից, որտեղ, նրանց հավաստմամբ, պատշաճ բժշկական սպասարկում չի ապահովվում»,- տեղեկանում են ՄԻՊ աշխատակազմից եւ փոխանցում, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խումբն արձանագրել էր նույն խնդիրները: Նրանց տեղեկացմամբ, 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակցի համար նույնիսկ նախատեսված չէ սանհանգույց, եւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստիպված են լինում օգտվել ՔԿՀ-ի պատժախցերի կամ կարանտինային խցերի սանհանգույցներից, երբ այնտեղ պահվող ազատազրկվածներ չեն լինում: «Այս խնդիրները հաշվի առնելով, հարկ ենք համարում նշել նաեւ, որ աշխատակիցների աշխատանքային վատ պայմանները չեն կարող նպաստել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի դրսևորմանը»,- փոխանցեցին ՄԻՊ աշխատակազմից:





























