Արտարժույթի ներբանկային շուկայում առեւտրային բանկերը անցնող շաբաթվա ընթացքում գնել են 80 մլն դոլար եւ վաճառել 96 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Համեմատած նախորդ շաբաթվա հետ՝ արտարժույթի առքը համարյա չի փոխվել, սակայն վաճառքներն ավելացել են մոտ 10 մլն դոլարի չափով: Հավանաբար՝ դա նպաստել է այս շաբաթվա վերջում դրամի դիրքերի թուլացմանը;

Ընդհանուր առմամբ՝ շաբաթական 80 մլն դոլար առքի ցուցանիշը բարձր չէ եւ վկայում է արտարժույթի շրջանառության անկման մասին:

Նշենք սակայն, որ բանկերն այս շաբաթ գնել են 9.5 մլն եվրո, ինչը բավական բարձր ցուցանիշ է:

Հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30 մլրդ դրամ (մոտ 73 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար: Հունվարի համար՝ սա վարկային բավական բարձր ակտիվություն է, ինչը հույս է ներշնչում, որ տնտեսական ակտիվությունն առաջիկա ամսում կպահպանվի: