Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կայացած «ռուսական նախաճաշի» ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ բիզնեսը հեշտությամբ վարելու մասին Վրաստանի վարկանիշը «արհեստական է»: Միխայիլ Սահակաշվիլին ի պատասխան Իվանիշվիլիին մեղադրել է իր երկրին բարօրություն չցանկանալու մեջ:
Նա հայտարարել է, որ Վրաստանի թշնամի Ռուսաստանի շահերից էր բխում Վրաստանին անկայուն երկիր ներկայացնելը, իսկ հիմա նույնը կրկնում է Վրաստանի վարչապետը:
«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ հունվարի 25-ին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Իվանիշվիլին ներկայացրել էր Դավոսում «ռուսական նախաճաշի» մանրամասները:
«Հանդիպման ընթացքում ինձ հարցրին բիզնեսը հեշտությամբ վարելու համաշխարհային վարկանիշում Վրաստանի զբաղեցրած իններորդ տեղի վերաբերյալ իմ դիրքորոշման մասին: Ես վերլուծություններ կատարեցի, նշեցի առավելությունները եւ թերությունները եւ եզրահանգում կատարեցի, որ այդ ամենն արհեստական է», - հայտարարել է նա: Վարչապետը հավանական ներդրողներին խոստացել է, որ «Վրաստանում մասնավոր բիզնեսը պաշտպանված կլինի, եւ միջամտելու իրավունք ոչ ոք չի ունենա»:
Հունվարի 25-ի երեկոյան նախագահ Սահակշվիլին ճեպազրույց է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, թե այլեւս ոչինչ չի հասկանում:
«Նա ուրախ ժպիտով եւ երջանիկ պատմում է, թե համաշխարհային ներդրողներին ինչպես է ասել, որ իբր մենք խաբել ենքաշխարհին՝ ասելով, որ Վրաստանում ներդրումներ անելը շատ լավ է», - Սահակաշվիլիին է մեջբերում «Գռուզիա Օնլայնը»:
Ըստ Սահակաշվիլիի` այդ հայտարարությանը կարող է հետեւել Վրաստանում ներդրումներ չկատարելու ներդրողների եզրակացությունը:
2013թ. Doing Business-ի ուսումնասիրություններում Վրաստանը 185 երկրների շարքում բիզնեսի հեշտ վարման վարկանիշում զբաղեցրել էր իններորդ տեղը:





























