Մերձմոսկվայում ոստիկանությունը կանխել է Ռուսաստանի եւ Բելառուսի քրեական հեղինակությունների հավաքը։ Ձերբակալվել է 23 մարդ։

Ըստ օպերատիվ տվյալների՝ հանդիպմանը պետք է որոշվեր «օրենքով գողի» կարգավիճակին հավակնող բելառուսցի երեք հեղինակությունների «թագադրման» հարցը։ Նաեւ նախատեսվում էր քննարկել Ասլան Ուսոյանի սպանությունից հետո ապագա գործողությունները եւ համակարգել Տարիել Օնիանիին ենթակա կազմակերպված հանցավոր խմբավորումների աշխատանքը, ոստիկանությանը վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպումն անցկացվում էր «գողական ավագ գեներալներից մեկի» ծննդյան օրը նշելու քողի տակ՝ «Սեմեյնի Էլիտ կլուբ» ռեստորանում։ Գործողությունը գլխավորել են Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի ՆԳՆ ԳՎ աշխատակիցները։

Հիշեցնենք, Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան), որը Ռուսաստանում ամենահեղինակավոր քրեական հեղինակությունն էր, դիպուկահարի կրակոցից սպանվել էր հունվարի 16-ին։ Ենթադրվում է, որ սպանությունը պատվիրված էր։ Նրա մահից հետո քրեական աշխարհում ծավալային փոփոխություններ են սպասվում։