Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը Հայաստանի քաղաքական համակարգի «անապատացման գործում» տեսնում է Կոնգրեսի մեղքը։  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն է արել 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավարած Դավիթ Շահնազարյանը, ով մինչեւ անցած տարվա մարտ ամիս Հայ ազգային կոնգրեսի անդամ էր:

Խոսելով նախագահական ընտրությունների մասին` Շահնազարյանը նշել է, թե ոչ Հայ ազգաին կոնգրեսը, ոչ Հայ ազգային կոնգրեսի դաշնակիցները չմասնակցեցին այս ընտրություններին, որովհետեւ ակնհայտ էր՝ նրանց նպատակն էր այս ընտրությունները վերածել օլիգարխիկ համակարգի ներքին պայքարի։ «Օլիգարխիկ թեւերը իրար հետ, ըստ էության, համաձայնություն կնքեցին, եւ ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը այս կարգավիճակով շատ անհարմար է իրեն զգում, որովհետեւ այլեւս այլընտրանք չէ, իսկ ընդդիմադիր գործունեություն, ընդհանրապես քաղաքական գործունեություն, դասական իմաստով, ես չեմ պատկերացնում ինչպես է իրականացնելու», - կարծիք է հայտնել Շահնազարյանը եւ հավելել․ «Ակնհայտ է, որ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան»-ը մաս կկազմի իշխանության։ Դա ձեւականորեն կձեւակերպվի կոալիցիայում, թե ոչ ձեւականորեն, եւ որեւէ քաղաքական ապագա ես այստեղ չեմ տեսնում»։

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին`  ՀԱԿ նախկին անդամը նշել է. «Մի բան փաստ է, որ այդ քաղաքագիտական վերլուծությունից հետո քաղաքական համակարգը Հայաստանում ավելի քան այլասերված է, եւ այսպիսի թույլ քաղաքական համակարգ մենք չունեինք։ Այո, այսօր Հայաստանի քաղաքական համակարգը հիշեցնում է մի անապատ, եւ չկա այն օազիսը, որ լուրջ հույսեր կարողանա ներշնչել հասարակությանը եւ հասարակությունն էլ խիստ հիասթափված է ողջ քաղաքական համակարգից»։

Շահնազարյանը հավելեց, թե այսօր Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է գաղափարական ընդդիմության ձեւավորումը, որը կկարողանա՝ «գոնե զսպել այս իշխանություններին, որպեսզի չկարողանան էլ ավելի արմատավորել օլիգարխիկ համակարգը»: