Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանն արդեն յոթ անգամ այցելել է այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է ինքը՝ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ այդ այցերի ընթացքում ինքը գրեթե երկու ժամ մնացել է Անդրիաս Ղուկասյանի մոտ: «Ես նրան կոչ եմ արել դադարեցնել հացադուլը եւ հիշեցրել, որ բողոքի նման տեսակը հասկանալի է, սակայն հացադուլը չպետք է գործի հետ կապել: Անարդարության դեմ պայքարի այլ միջոցներ էլ գոյություն ունեն», - նշել է Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ հունվարի 21-ից սկսած անժամկետ հացադուլին միացել է նաեւ «Ցեղակրոն» ազգայնական կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Իսկ Պարույր Հայրիկյանն ավելի վաղ հայտարարել էր եռօրյա չոր հացադուլի մասին, սակայն այդ ընթացքում քարոզարշավի հանդիպումներից ու միջոցառումներից չէր հրաժարվել:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























