Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել 75-ամյա Գեղանուշ Մանգյանը հունվարի 28-ի առավոտյան Երեւան քաղաքի Մուրացան 64 տան աստիճանավանդակներից ընկնել, մահանալու դեպքի վերաբերյալ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից, դիահերձմամբ ախտորոշվել է  «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը, ժամը 17.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 45-ամյա Կարեն  Սենեքերիմյանը: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր հետ և խեղդամահ անելու միջոցով սպանել նրան:

Կ. Սենեքերիմյանը ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ 75-ամյա Գեղանուշ Մանգյանը հունվարի 28-ի առավոտյան Երեւան քաղաքի Մուրացան 64 տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է:  Կնոջ ընկնելու եւ մահանալու մասին  ոստիկանությանը ահազանգել է նրա որդին` 44-ամյա Գագիկ Սենեքերիմյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` մահացածը բնակվում էր իր երկու տղաների՝ Գագիկի եւ 45-ամյա Կարեն Սենեքերիմյանի հետ: Հարեւանները պատմել են, թե Կարենը ամուսնալուծված էր եւ տանը միշտ վիճաբանություններ էին լինում ընտանեկան հարցերի շուրջ: Որդին մորը մեղադրում էր, թե ինքն է եղել պատճառը, որ բաժանվել է կնոջից: Դեպքից առաջ եւս տանը վիճաբանության ձայներ են լսվել: Ըստ տարածված տեղեկությունների` կինը մահացել է խեղդամահ լինելու արդյունքում: