Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միջին ծանրության քաղաքական վնասվածք են ստացել: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ ինքը արբիտրի դեր է կատարում, եւ որպես քաղաքական դատախազ՝ պահանջում է, որ այդ առնչությամբ անպայման գործ հարուցվի:
Արամ Հարությունյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ այս ընտրություններին իր առաջադրումը եղել է հատուկ առաքելությամբ՝ խոսել ճնշված ուժերի անունից, քանի որ դրա արդյունքում բնակչության մոտ կեսը չունի սեփական թեկնածու:
NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում իր պատվեր կատարելու, 5 տարին մեկ ինչ-որ անձանցից գումար վերցնելու եւ թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող տեղեկությունները, նա պատասխանեց, որ «ինքը Հայաստանի քաղաքացու պատվերն է կատարում, ուզում է, որ այդ քաղաքացին թեկնածու ունենա»: Իսկ թե որտեղից է նախագահի թեկնածուն 5 տարին մեկ գտնում առաջադրվելու համար անհրաժեշտ ընտրագրավը, նա տեղեկացրեց, որ իրեն միշտ ֆինանսավորել են իր ընկերները:
«Եթե երբեւէ որեւէ ուժի կողմից ֆինանսավորված լինեի, իմ հետ ուրիշ տոնով կխոսեին: Ես իմ ընկերների միջոցով եմ այդ գումարը հավաքել, մարդիկ, որոնք հնարավորություն ունեն բիզնեսով զբաղվել Հայաստանում եւ արտերկրում»,- ասաց նախագահի թեկնածուն:
Արամ Հարությունյանը շեշտեց, որ իշխանությունները հիստերիկ վիճակում են, թե «ոնց է ստացվել, որ ութ միլիոնը իր մոտ է հայտնվել»: «Միշտ պիտի փորձեն վարկաբեկել, որովհետեւ եթե չեն կարողանում հակափաստարկ բերել, պիտի ասեն՝ փողը ով է տվել»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























