Արտարժույթի ներբանկային շուկայում առեւտրային բանկերը անցնող շաբաթվա ընթացքում գնել են մոտ 81 մլն դոլար եւ վաճառել մոտ 85 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Համեմատած նախորդ շաբաթվա հետ՝ արտարժույթի առքը համարյա չի փոխվել, սակայն վաճառքները պակասել են մոտ 10 մլն դոլարի չափով: Ընդհանրապես՝ հունվարին դոլարի առքի ծավալները շաբաթական կտրվածքով կայուն 80 մլն դոլարի սահմանում են:
Անսովոր ակտիվ է վարկային շուկան: Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ (համարժեք է մոտ 100 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59.3 մլն ԱՄՆ դոլար: Այսինքն՝ շաբաթական կտրվածքով մոտ 160 մլն դոլար վարկ է տրվել, ինչը չի զիջում անգամ նախաամանորյան ցուցանիշներին:





























