Եթե Պարույր Հայրիկյանը կյանքում առաջին անգամ ասում է ինձանից շատ բան է կախված եւ ես կուզեի, որ նա օգտվելով այդ հնարավորությունից դիմեր նոր ընտրությունների անցկացման համար: Այս մասին, այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
«Ես համոզված եմ, որ դա կլինի իր ամենամեծ առաքելությունը: Եթե Հայրիկյանի առաջին առաքելությունը կապում ենք անկախության հետ, ապա երկրորդը կլինի նախագահական ընտրությունների հետաձգումը»,- ասաց նա:
Հարցին, թե դա ի՞նչ կտա, Հարությունյանը պատասխանեց. ««Ամեն դեպքում դա մեզ կտա այն, որ մենք ժամանակ կունենանք հասկանալու, թե ինչ է կատարվում: Միգուցե պետությունը պատրաստ չէր ընտրություններ անցկացնելուն: Բացի այդ, Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանալու է եւ մրցակցային առումով շատ կարեւոր է, որ թեկնածուներից մեկը գործող նախագահը չի լինում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով ՍԴ դիմելու որոշումը կկայացնի փետրվարի 5-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























