Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի համար բարենպաստ է չփոխել փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների օրը: Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հայաստանի Սահմանադրությունն, իհարկե, թույլ է տալիս թեկնածուին խնդրել հետաձգել ընտրությունները երկու շաբաթով, սակայն վարկանիշը պահելու համար Պարույր Հայրիկյանի համար ճիշտ կլինի չգնալ այդ քայլին եւ օգտվել իր շուրջ ստեղծված բարենպաստ տեղեկատվական ֆոնից»,- նշել է փորձագետը: Նրա խոսքով, ընտրությունների օրը չհետաձգելով` Հայրիկյանը կարող է մեծ արդյունքների հասնել երկրորդ կամ երրորդ տեղի համար պայքարում:
Նա նաեւ հավելել է, թե չի հավատում արտաքին ուժերի մեղսակցությանը մահափորձին: Սերգեյ Մինասյանը հավանական չի համարում նաեւ Հայաստանի ներսում որեւէ քաղաքական ուժի մեղսակցությանը: «Ես չունեմ հարցի պատասխանը, թե ում էր դա անհրաժեշտ, սակայն կարող եմ տրամաբանորեն բացառել քիչ հավանական վարկածները»,- ընդգծել է քաղաքագետը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























