Ռուսաստանի Քննչական կոմիտեն որպես վկա հարցաքննել է «Աջ ուժերի միություն» համառուսաստանյան հասարակական միության նախագահ Լեոնիդ Գոզմանին` կուսակցական գանձարանից հարյուր մլն ռուբլու հափշտակման գործով, հաղորդել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ավելի վաղ սույն քրեական գործի առնչությամբ որպես վկա հարցաքննվել է Կիրովյան տարածաշրջանի նահանգապետ Նիկիտա Բելիխը:
Վաղը` 2013 թվականի փետրվարի հինգին, հարցաքննության է կանչվել «Ռուսաստանի հանրապետական կուսակցություն-ժողովրդական ազատության կուսակցություն» քաղաքական կուսակցության համանախագահ, «Համերաշխություն» միավորված ժողովրդավարական շարժման դաշնային քաղխորհրդի բյուրոյի անդամ Բորիս Նեմցովը: 2008 թվականին նա եղել է նաեւ «Աջ ուժերի միություն» կուսակցության ղեկավարության կազմի մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հարցաքննության համար ՔԿ է կանչվել նաեւ Մարիա Գայդարը:
ՔԿ-ում համարել են, որ 2007 թվականի ապրիլին «Աջ ուժերի միություն» կուսակցության եւ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի կողմից ղեկավարված «Ալեկտ» ընկերության միջեւ, կնքվել է գովազդային ծառայություններ տրամադրելու պայմանագիր: Ըստ պայմանագրի` ընկերության հաշվին քաղաքական կուսակցությունից փոխանցվել է մոտ 100 մլն ռուբլի: Այնուհետեւ «Ալեկտ» ընկերությունը ստացած դրամական միջոցները ֆիրմայի հաշվին է գրանցել, որի մեծ մասը կեղծ ձեռնարկությունների եւ միօրյա ֆիրմաների նշաններ է ունեցել:
2012 թվականի դեկտեմբերի 24 –ին ,«Աջ ուժերի միություն» կուսակցության դրամական միջոցները շորթելու փաստով, ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Նավալնիին պատկանող «Ալեկտ» ընկերության դեմ:Այդ գործը առանձնացվել է մեկ այլ հափշտակության` «Կիրովլես» քրեական գործից: ՍՊՍ-ի գումարի շորթման փաստը վերաբերել է 2007 թվականին:





























